Ողջ քաղաքական համակարգն այլեւս պատրաստվում է ընտրությունների, հիմա դրանք հերթական կլինեն, թե՝ արտահերթ, հարցի մյուս կողմն է: Այս մասին «Իրավունք»-ի հետ զրույցում ընդգծեց Հայաստանի Հանրապետության 1992-1993թթ. վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Ըստ նրա, որպես իրողություն, արդեն պետք է արձանագրել, որ բոլոր քաղաքական ուժերը՝ թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր, պատրաստվում են այդ ընտրություններին եւ առաջիկա ամենալուրջ ներքաղաքական իրադարձությունը, հավանաբար, հենց այդ ընտրություններն են լինելու:
— Խոսրով Մելիքիչ, այս համատեքստում հարց է առաջանում՝ եթե այդ ընտրությունները դիտարկել որպես քաղաքական զարգացումների կարեւոր հանգրվան, ո՞րը պետք է լինի ընդդիմադիր քաղաքական ուժերի 2025 թվականի հիմնական խնդիրը:
— Քաղաքական պայքարի իմաստով 2025-ը վճռական տարի է: Այդ կոնտեքստում թե՛ իշխանությունը՝ իր համակիր ուժերով եւ թե ընդդիմադիր ուժերը, կարծում եմ, 2025 թվականը կդիտաարկեն որպես ընտրություններին հավուր պատշաճի նախապատրաատվելու կարեւորագույն ժամանակահատված: Քաղաքական ողջամտությունը հուշում է, որ յուրաքանչյուրը ստիպված է լինելու 2025 թ.-ը օգտագործել առավելագույնս ընտրություններին պատրաստ լինելու համար: Կարճ ասած, խնդիրը հետեւյալն է՝ ընտրություններում պետք է հաղթել մինչ ընտրությունները: Ակնհայտ է, որ այդ խնդիրը ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներից, եւ հասկանալի պատճառներով առաջին հերթին ընդդիմությունից, պահանջում է քաղաքական կարողությունների առավելագույն համախմբում:
Ինչո՞ւ է ընդդիմության քաղաքական կարողությունների կոնսոլիդացիան զարգացումների ներկա փուլում խիստ անհրաժեշտ: Ակնհայտ է, որ զարգացումների ներկա փուլում ամենահրատապ խնդիր դա Հայոց Պետականությունը, մեր ժողովրդի անվտանգ եւ դինամիկ զարգացումը վտանգող սպառնալիքների չեզոքացումն է: Սպառնալիքներ, որոնք ձեւաավորվել են գործող իշխանության գործողությքւնների կամ անգործության արդյունքում կամ, այլ կերպ ասած, իշխանությունների արտաքին քաղաքականության հետեւանքով: Ուստի՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության հրամայականը դառնալու է առաջիկա բոլոր զարգացումների, այդ թվում նաեւ ընտրությունների, առանցքային հարցադրումը:
Պահն, առանց չափազանցության, պատմական է: Նման պայմաններում ընդդիմության առանձին-առանձին հանդես գալը տապալելու եւ տապալվելու ամենակարճ ճանապարհն է: Մենք դրա ականատեսն ենք եղել 2021 թվականին, երբ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին 24-25 կուսակցություն, որոնցից շատերը հավաքեցին 800-1200 ձայն: Շատ տրամաբանական հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակ էին հետապնդում այդ ուժերի լիդերները, արդյո՞ք նրանք դասեր քաղել են քաղաքական այդ դառը անցյալից եւ արդյո՞ք հանուն սեփական անհիմն հավակնությունների՝ նրանք կարող են մեր հասարակությանը կանգնեցնել նույն փոցխի վրա:
Ժամանակն է իրերն իրենց անունով անվանել: Գործող քաղաքական համակարգում (ես «համակարգ» տերմինը օգտագործում եմ մեծ վերապահումով), առանձին անհատների քաղաքական ղեկավարությամբ գործող միավորների գերակշռող մասը միմյանցից տարբերվում են ոչ թե հանրային կյանքի կազմակերպման դոկտրինալ մոտեցումներով, այլ իրենց «լիդերների» հավակնություններով: Ուստի, եթե խոսքը պետության եւ պետականության գոյությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու հրամայականի մասին է, ապա խնդիրը ես տեսնում եմ միայն եւ միայն ընդդիմադիր հատվածի կոնսոլիդացման մեջ: Իհարկե, խոսքը բոլորով ‹‹մեկ դրոշի›› տակ կանգնելու մասին չէ (կան որոշ օբյեկտիվ հանգամանքներ, որոնք կարող են ընդդիմության ազդեցիկ եւ կարող դերակատարներին խանգարել միավորված հանդես գալ): Սակայն երկու կամ երեք միավորված ուժերով, բայց միասնական ճակատով հանդես գալը՝ հավաքական ընդդիմությանը ժամանակի ներկայացվող պարտադրանքն է: Ուստի՝ ամփոփելով խոսքիս այս հատվածը, առանց սխալվելու հավանականության, կարելի է պնդել, որ մեր անվտանգ եւ դինամիկ զարգացման երաշխավորման հրամայականը թելադրում է, որ առաջիկա ընտրություններում ընդդիմությունը դատապարտված է հաղթել: Ուստի՝ ընդիմադիր ուժերի կարողությունների մեկտեղումը այլընտրանք չունի, եւ այդ առումով 2025-ը վճռորոշ է լինելու:
— Վերջին 7 տարվա ընդդիմության պայքարի ընթացքում տեսանք, որ երբեմն–երբեմն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը փոխարինվում է հենց ընդդիմադիր դաշտում փոխադարձ գզվրտոցի: Ավելին՝ անգամ այսքանից հետո՝ ոմանք դեռ, այսպես ասած, նախկիններին են մերժում: Ի՞նչ կասեք այս մասին:
— Համամիտ եմ եւ բացարձակապես անընդունելի եմ համարում քաղաքական ուժերի միջեւ ցանկացած, նույնիսկ ամենատրամաբանական մեկնաբանություններով պարուրված այդ գզվրտոցը: Դա, բառիս բուն իմաստով, իշխանությունների ջրաղացին ջուր լցնել է նշանակում: Այն, ինչին այս օրերին մենք ականատես ենք, շատ հեռու է ‹‹քաղաքական պայքար›› կոչվելուց: Բացի այդ, հարկ է արձանագրել, որ, այսպես կոչված, ‹‹նախկինների›› մեջ կային քաղաքական ուժեր, որոնց վարած արտաքին քաղաքականությունը միայն դրվատանքի է արժանի: Ես կարող եմ հիմնավորել, որ մինչեւ 2018 թվականի իշխանափոխությունը՝ Հանրապետական կուսակցության կողմից վարվող արտաքին քաղաքականությունը միանգամայն արդյունավետ էր, օգտակար եւ հեռանկարային: Բազմավեկտոր, թե կոմպլիմենտար, ինչպես ուզում եք այն անվանեք, այդ քաղաքականությունը թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային եւ թե՛ քաղաքական դիվերսիֆիկացված համագործակցությունը ձեւավորելու առումով բավականին խոստումնալից էր: Համաձայնեք, որ սա փաստ է, որի հետ չեք կարող հաշվի չնստել:
Օրինակ, այսօրվա իշխանությունը հանդես է գալիս Եվրոմիությանը անդամակցելուն ուղղված գործընթաց սկսելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ: Թողնենք մի կողմ այն իրողությունը, որ այդ նպատակադրումը շոշափելի ապագայում իրականություն դառնալու որեւէ հեռանկար չունի (այսօր ԵՄ անդամակցությանը հավակնում են եվրոպական մեկ տասնյակից ավել պետություններ, ընդ որում՝ մի մասը նաեւ անդամակցության թեկնածուի կարգավիճակով եւ այդ երկրների ցանկում Հայաստանը չկա) եւ այդ մասին քաջատեղյակ են նաեւ նախաձեռնության հեղինակները: Հետեւաբար, պետք է ենթադրել, որ նախաձեռնության հեղինակները համոզված են, որ այդ գործընթացի մեկնարկը Հայաստան-ԵՄ համագործակցությունը կարող է բարձրացնել ինստիտուցիոնալ նոր կամ, ինչպես սիրում են իշխանության ներկայացուցիչները փաստել, աննախադեպ մակարդակի: Լսե՞լ եք արդյոք այդ նախաձեռնության կողմնակիցներից այս առումով որեւէ հոդաբախշ մեկնաբանություն: Կամ այդ ի՞նչ սպասելիքներ ունեն այդ նախաձեռնության հեղինակները իրենց ձեռնարկած քայլից, որը Հայաստանին չէր երաշխավորում 2017թ կնված եւ 2021-ի ԵՄ անդամ պետությունների կողմից վավերացված ‹‹Հայաստամ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ավելին, այդ համաձայնգրով արձանագրվում էր, որ Հայաստան-ԵՄ գործընկերությամբ սահմանվող փոխադարձ պարտավորությունները չեն կարող իրականացվել Հայաստանի ռազմավարական գործընկերնների հետ ձեւավորված հարաբերությունների հաշվին: Այսինքն` Եվրամիությունը ճանաչում եւ ընդունում էր Հայաստանի եւ նրա ռազմավարական գործընկերների միջեւ փախադարձ համագործակցությունը: Սա նշյալ համաձայնագրի ամենաառանցքային դրույթներից է: Հիմա ես հարց եմ տալիս. ԵՄ հետ համագործակցության ի՞նչ նոր հնարավորություններ եք փնտրում այդ նախաձեռնությամբ, ինչի հնարավորությունը չէր տալիս ԵՄ-ի հետ գործընկերության գործող համաձայնագիրը: Կամ արրդյո՞ք իշխանությունները փորձել են օգտագործել այդ համաձայնագրով նախատեսված հնարավորությունները: Կամ արդյո՞ք այդ համաձայնագրով նախատեսված երկկողմ համագործակցության հնարավորությունները սպառված են: Սրանք հռետորական հարցադրումներ չեն, եւ դրանք առաջանում են մտորելու ունակ ցանկացած մարդու մոտ:
Փոխարենը ակնհայտ է, որ այդ նախաձեռնությունը հասկանալի պատճառներով կարող է էլ ավելի խորացնել այն անհասկացությունը, որը ձեւավորվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, ի դեպ թե՛ Հայաստանի եւ թե՛ ՌԴ քաղաքական ղեկավարության քայլերի արդյունքում: Բայց արդյո՞ք այդ անհասկացության խորացումը բխում է մեր շահերից եւ արդյո՞ք այն նպաստում է արտաքին սպառնալիքների մեղմանը: Կարծում եմ՝ պատասխանն ավելի քան ակնհայտ է:
— Օրինակ, այս իշխանությանը հեռացնելու պարագայում, հնարավոր համարո՞ւմ եք, որ նոր ձեւավորվող կառավարությունը կարող է վերադառնալ այն արտաքին քաղաքականությունը, որը վարում էր Հանրապետական կուսակցությունը:
— Այո՛, ու սա ասում եմ՝ առանց չափազանցության: Ես ինքս կպահանջեմ դա, որովհետեւ այդ քաղաքականությունը հավասարակշռված էր եւ նպաստում էր տարածաշրջանում Հայաստանի աշխարհաքաղաքական լուրջ եւ ազդեցիկ դերակատարման հաստատմանը: Մեր արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի այնպիսի աշխարհաքաղաքական հնարավորությունների ստեղծմանը, որոնք կերաշխավորեն անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողությունների ձեւավորումը՝ երկարաժամկետ հատվածում մեր անվտանգ եւ դինամիկ զարգացումն ապահովելու համար: Կրկնում եմ՝ խորապես համոզված եմ, որ եթե վերադարձ լինի այն արտաքին քաղաքական կուրսին, որն իրականացվում էր մինչ 2018 թվականը, ապա մենք, թեպետ դժվարությամբ, բայց կկարողանանք քայլ առ քայլ աստիճաանաբար ուղղել մեր մեջքը:
— Հետեւապես, չե՞ք կարծում, որ առաջիկա ընդդիմադիր պայքարում ժամանակն է, որ ՀՀԿ–ն իր խոսքն ասի՝ որպես առաջնորդող ուժ:
— Կարծում եմ՝ այո: Պետք է օբյեկտիվ լինել: Ես վերոգրյալում մի ակնարկով ներկայացրեցի Հանրապետական կուսակցության արտաքին քաղաքականության ոլորտում, իմ կարծիքով, որդեգրած շատ ողջամիտ քաղաքական կուրսը: Ի դեպ, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանի դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականության այդ կուրսը սկզբնական շրջանում Ռուսաստանի կողմից էլ չէր ողջունվում: Խոսքը գնում է Արեւելյան Գործընկերության շրջանակներում Հայաստանի կողմից առաջ քաշվող ‹‹եւ-եւ›› քաղաքականության հայեցակարգի մասին: Բայց, վերջին հաշվով, Սերժ Սարգսյանին հաջողվեց թե՛ Եվրամիությանը, թե՛ ռուսական քաղաքական ղեկավարությանը համոզել, որ քաղաքական այդ կուրսը հեռանկարային է, ուղղված չէ որեւէ մեկի դեմ, չի իրականացվում որեւիցե մեկի երկարաժամկետ ռազմավարական հետաքրքրությունների հաշվին եւ խոստանում է տարածաշրջանում անշրջելի կայունություն: Դա պրագմատիկ, տարածաշրջանի երկրների միջեւ աշխարհաքաղաքական կարողությունների հավասարակշռմանը միտված քաղաքական կուրս էր, որը խորապես նպաստելու էր նաեւ մեզանում ժողովրդավարական ավանդույթների եւ ինստիտուտների ձեւավորմանը՝ ի հակառակ այսօրվա ‹‹եթե հակառուս ես, ապա ժողովրդաավար ես›› քվազիժողովրդավարական մոտեցմանը: Հակառուսականությունը դարձնել ժողովրդավար լինելու հոմանիշ՝ աբսուրդ է:
Մինչդեռ այսօր, առավել քան երբեւէ, ժամանակն է թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի, թե՛ Արեւելքի, թե՛ Հարավի հետ խոսել շատ անկեղծ, շիտակ, ոչ ի հաշիվ որեւէ երկրի հետաքրքրությունների սեփական անվտանգությունն ու դինամիկ զարգացումն ապահովելու աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական հնարավորությունների ձեւավորման անհրաժեշտության մասին: Վերջապես ակնհայտ է, որ տարածաշրջանում խաղաղությունը կարող է անշրջելի լինել միայն այդ դեպքում, երբ երեք երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) աշխարհաքաղաքական կարողությունները կլինեն բալանսավորված: Սա է Հարավային Կովկասում խաղաղության երաշխավորման բանաձեւը եւ այն բխում է բոլոր երկրների, այդ թվում արտաքին ազդեցիկ խաղացողների շահերից: Տարածաշրջանում երեք պետություններից որեւէ մեկի թելադրող դիրքի կամ ռազմական-տնտեսական ճնշող գերակայության պայմաններում ձեւավորված ստատուս քվոն համարժեք է դանդաղ գործունեության ականի: Հարավային Կովկասի երեք երկրների միջեւ աշխարհաքաղաքական կարողությունների բալասավորում՝ սա է տարածաշրջանի երկարաժամկետ եւ կայուն խաղաղությանն բանաձեւը
Ես մի օրինակ էլ եմ ուզում բերել, որը շատ կարեւոր եմ համարում: Եթե հիշում եք, 2011 թվականին, Կազանի փաստաթուղթը չստորագրելուց հետո, Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության պայմանագիրը վերանորոգվեց: Նախ ժամկետը երկարացվեց՝ մինչեւ 2044 թվականը, ինչպես նաեւ որոշ այլ դրույթներ ավելի կոնկրետացվեցին՝ փոխադարձ պարտավորությունների կոնտեքստում: Այդ ժամանակ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ամենշաբաթյա ավանդական բրիֆինգներից մեկում, եթե չեմ սխալվում ադրբեջանցի լրագրողը հարց ուղղեց պետդեպարտամենտի ներկայացուցչին, թե՝ ինչպե՞ս է ‹‹Պետդեպը վերաբերվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերության վերնորոգված պայմանագրին: Պատասխանը շատ հստակ էր, Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ասաց, որ իրենք դա ընդունում են, որպես իրողություն, այն երկկողմ պայմանագիրը է, ուղղված չէ որեւէ երրորդ կողմի դեմ եւ նպաստում է կայունությանը տարածաշրջանում: Դա Հայաստանի կողմից իրականացվող արտաքին քաղաքականության լրջագույն գնահատական էր: Մեզ պետք է մեր միջազգային գործընկերների շրջանում այս ընկալումն ու սպասումը վերականգնել: Ուստի՝ մեզ պետք է վերականգնել մեր երկրի աշխարհաքաղաքական պոտենցյալը տարածաշրջանում՝ միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ եւ առանց այլոց օրինական շահերի հանդեպ սպառնալիքների ձեւավորման: Կրկնում եմ, միայն ռազմավարական կարողությունների բալանսի դեպքում տարածաշրջանում կարող է լինել կայունություն: Քանի դեռ Ադրբեջանը առաջնորդվում է ‹‹ուժն է ծնում իրավունքը›› սկզբունքով եւ թե՛ գետնի վրա եւ թե՛ դիվանագիտության ոլորտում իրեն պահում է միջնադարյան ծովահենի պես, ապա տարածաշրջանում կայունություն չի կարող լինել, եթե նույնիսկ հաշտվենք Հայաստանի գործող իշխանությունների ‹‹սուսուփուս մի անկյունում նստենք, որ անվտանգ լինենք›› ոչինչ չխոստացող հայեցակարգի հետ:
— Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Արարատ լեռը, որպես խորհրդանիշ, մեզ խանգարում է, որպեսզի ձեռք բերենք լավ զենք ու զինամթերք՝ իրական Հայաստանի համար:
— Այդ խոսույթներին այնքան անլուրջ եմ վերաբերում, որ դրանց չեմ էլ ուզում անդրադառնալ: Պատմաբաններ կան, որոնք զարմանալիորեն ձայն էլ չեն հանում: Մարդը կասկածի տակ է դնում 1915 թվականի ցեղասպանական իրադարձությունները ու ոչ մի պատմաբան մի հատ չի էլ ուզում հակադարձել: Նրանք դոկտորականներ են գրել, գիտական աստիճաններ ստացել, հաջողություններ արձանագրել՝ իրենց գիտական կարիերայի ձեւավորման գործում, բայց մեկը չի արձագանքում, թե՝ էս ի՞նչ ես ասում: 1918 թվականին Օսմանյան դատարաններն են երիտթուրքերի պարագլուխներին դատապարտել՝ հայերի հանդեպ հանցագործության համար, կան այդ վճիռները, եւ դրանք պատմական փաստեր են: Բայց, արի ու տես, որ ՀՀ վարչապետը հիմա ասում է՝ մենք դեռ պետք է հասկանանք թե ի՞նչ է տեղի ունեցել: Բայց ինչի՞դ է պետք դա, եթե օսմանյան դատարանն արդեն պարզել է՝ թե ինչ է տեղի ունեցել 1915-ին եւ կայացրել է համապատասսխան վճիռ: Երբ 28 երկիր, եթե ոչ ավել, արդեն հասկացել եւ ճանաչել են այդ ոճրագործությունը, երբ կան երկրներ, որոնք ցեղասպանության մերժումը օրենսդրորեն որակում են քրեորեն հետապնդելի արարք: Ի՞նչն եք ուզում հասկանալ, ինչի՞ մասին է խոսքը:
Գործող իշխանության արտաքին քաղաքական նախաձեռնությունները որեւէ տրամաբանական մեկնաբանության ենթակա չեն: Այսօր Բելառուսի նկատմամբ Փաշինյանը ընդգծված դեմարշ է իրականացնում՝ այն բանի համար, որ վերջինս 44 օրյա պատերազմի ժամանակ օգնել է Ադրբեջանին: Բայց Թուրքիայի հետ սիլի-բիլի են անում: Իսկ Թուրքիան 44 օրյա պատերազմի ժամանակ չէ՞ր օգնում Ադրբեջանին: Էրդողանն անձամբ հայտարարեց, որ՝ «այդ պատերազմում Թուրքիան է հաղթել»: Ի եպ, եթե պետք էր Բելառուսի ղեկավարությանը պրետենզիա ներկայացնել, ապա նախ եւ առաջ Լուկաշենկոյի ‹‹ո՞ւր են գնալու հայերը, ո՞ւմ են նրանք պետք›› ցինիկ արտահայտության համար: Ուստի՝ պարապ գործ է փնտրել տրամաբանություն իշխանությունների արտաքին քաղաքական քայլերում: Թվում էր, թե ներկա փուլում առաջնայինը պետք է լիներ Ադրբեջանի հետ արժանապատիվ խաղաղությանը հասնելու խնդիրը: Ընդգծում եմ՝ արժանապատիվ խաղաղությանը հասնելու խնդիրը, իսկ Թուրքիայի հետ հարաբերություններին կարելի էր անդրադառնալ իրադարձությունների բարենպաստ զարգացումների պարագայում: Չեմ ուզում առանձնահատուկ անդրադառնալ այն խնդրին, որ Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումը ոչ միայն մեր ինքնության հաստատման հարց է, այլ նախ եւ առաջ անվտանգության խնդիր է: Շատ երկրներ Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների կարգավորման առանջին շրջափուլերում օգտագործում են պատմական այդ փաստն՝ իրենց համար ավելի նպաստավոր պայմաններ Թուրքիայից կորզելու նպատակով: Այո՛, այդ հանգամանքը կաշկանդում է Թուրքիային, բայց դա մեզ համար նպաստավոր է, ուստի՝ ինչո՞ւ հրաժարվել այդ հնարավորությունից ազդեցիկ եւ ագրեսիվ հարեւանի հետ հարաբերությունների հարցերում: Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման քաղաքականությունը յուրատեսակ զսպաշապիկ է Թուրքիայի համար: Կարելի՞ է արդյոք պատկերացնել, որ Իսրայելի որեւէ կառավարություն կարող է հրաժարվել Հոլոքոստի ճանաչումից: Տեսականորեն անգամ դա հնարավոր չէ, իսկ Հայաստանի վարչապետը այդ խնդրի հետ վարվում է, ինչպես ասում են, իմիջիայլոց՝ ձեռքի հետ: Դա անթույլատրելի է:
— Անգամ ՀՀ կառավարության ղեկավարի աթոռին գտնվող անձը ամենշաբաթյա ռեժիմով սկսել է հրաժարվել հայկական պատմական հայրենիքից…
— Մեր ոչ բարով հարեւանն անդադար պնդում է հնարածին «Արեւմտյան Ադրբեջան» թեզը, իսկ մենք ասում ենք՝ ինչպե՞ս կարելի է խոսել պատմական Հայաստանի մասին, պետք է առաջնորդվել ‹‹իրական հայրենիք›› կեղծ, ըստ էության մեր ժողովրդի պատմական անցյալը մերժող թեզով: Սա, ըստ էության, ‹‹տարածաշրջանի մի անկյունում սուս ու փուս վեր ընկնելու›› թեզի մեկ այլ փաթեթավորումն է: Սա քաղաքականություն չէ՛, համենայն դեպս, այն ազգայինի, պետականի հետ ոչ մի աղերս չունի: Վերջին հաշվով, մենք՝ հայերս, պետք է գիտակցենք, որ ինչպիսին էլ ուզում եք հայրենիքն ընդունեք՝ պատմական, թե իրական, այդուհանդերձ, հայը այս տարածաշրջանի ամենահին ժողովուրդն է, որը կանգնած է եղել եվրոպական քաղաքակրթության ձեւավորման ակունքներում եւ հանդիսանում է նաեւ ամենահին պետականության կրողը: Սա անուրանալի պատմական փաստ է: Այդ ինչպե՞ս եղավ, որ քոչվոր ցեղերի ժառանգները կարող են մեր Հայաստանը համարել իրենցը: Ինչո՞ւ, որովհետեւ ինչ-որ մեկը կասկածում է, թե՝ արդյոք մենք ունակ ենք ապրել եւ զարգանալ այս տարածաշրրջանում՝ սեփական անվտանգությունը երաշխավորելո՞վ: Բայց չէ՞ որ մենք անկախության օրվանից սկսած ապրում էինք արժանապատիվ, սեփական աշխարհաքաղաքական նպատակները ու հնարավորությունները պաշտպանելու կարողությամբ: Սա է ճանապարհը, ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում: