Մամուլում այսօր տեղեկություն տարածվեց, թե «Զվարթնոց» օդանավակայանից արցախցի երիտասարդին հեռացրել են աշխատանքի փորձաշրջանից՝ Բագրատ Սրբազանի հետ զրուցելու համար։ Իրանի Հանրապետություն այց կատարելուց առաջ Սրբազանը, սովորության համաձայն, օդանավակայանում բարևել է աշխատակիցներին, հարցրել նրանց որպիսությունը։ Նկատելով, որ երիտասարդ աշխատակիցը արցախցի է, նա մի քանի րոպե զրուցել է նրա հետ և վերջում նվիրել մի փոքրիկ խաչ։ «Ես այնտեղ եմ եղել ու տեսել եմ այդ ամենը։ Փորձաշրջան անցնող ոչ մի երիտասարդի, առավել ևս արցախցի չեն հեռացրել։ Փորձաշրջանից դուրս մնալը կապել Սրբազանի հետ ջերմ զրուցելու հետ, մեղմ ասած, տրամաբանական չէ։ Հասկանում եմ, մանավանդ հիմա քաղաքական նկատառումներով թիրախավորում են այս կամ այն քաղաքական գործչին։ Սրբազանի հետ ես էլ գրկախառնվել եմ, ինչո՞ւ եմ դեռ աշխատանքի մեջ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատակիցներից մեկը։
Ըստ մեր զրուցակցի` օդանավակայանում յուրաքանչյուր ոք աշխատանքի է ընդունվում 6-ամսյա ժամկետով։ Հունվարի 15-ից առաջ և հետո կրճատումներ չեն եղել։ «Այսինքն, մեր գործընկերներից շատերը գիտեին, որ հունվարի 15-ին մի մասը պետք է կրճատվի։ Մնացողների մեծ մասը արցախցիներ են, ովքեր իրենց բավականին լավ էին դրսևորել և փայլուն տիրապետում են օտար լեզուներին»,- ասաց նա: MediaHub-ի զրուցակիցը ժխտեց, որ իր գործընկերն աշխատանքից կրճատվել է Բագրատ Սրբազանից խաչ նվեր ստանալու և նրա հետ հաղորդակցվելու համար. «Չկա այդպիսի բան»: Հունան Թադևոսյան