Oragir.News-ը նախորդ տարի գրել էր, որ օլիգարխ Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետը փորձում է ճնշել մրցակից սուպերմարկետների ցանցին։
Խնդիրը հիմա ավելի է խորացել, եթե մեկ տարի առաջ Ալեքսանյանի աչքը Գյումրիի «Բասեն» սուպերմարկետի ցանցի վրա էր, հիմա արդեն միջին ու մեծ առևտրային ցանցերի վրա է կենտրոնացել։ Պարզ ասած Գյումրիում արդեն ոչ թե փոքր, այլև միջին առևտրային ցանցեր են փակվում կամ ստիպված վաճառվում Yerevan City-ին։
Այն տնտեսվարողները, ովքեր ըմբոստանում են, այս մարդկանց նկատմամբ սկսվում են հարկային ճնշումները։ Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից Ալեքսանյանի համար կանաչ լույս է վառված, թերևս դա է միակ պատճառը, որ Ալեքսանյանը ամայացնում է Գյումրին և հերթական անգամ հաստատում մենաշնորհ։
Գյումրիում գործող ամենամեծ սուպերմարկետներից «Բասեն»-ը, որը գործում է 2000-ականներից և լայն ճանաչում ունի Գյումրիում այսօր փաստի առջև է կանգնած։
«Բասեն» սուպերմարկետների ցանցի տնօրեն Գևորգ Եղիկյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, սուպերմարկետների ցանցի աշխատակիցները ևս չեն խոսում առաջացած խնդիրների մասին, բայց Oragir.News-ը պարբերաբար ստանում է զանգեր, որպեսզի բարձրաձայնենք Սամվել Ալեքսանյանի կողմից իրականացվող ճնշումների մասին։
Ալեքսանյանի ուշադրության կենտրոնում նաև «Կարոնա» սուպերմարկետների ցանցն է, որը նույնպես Գյումրիում ճանաչում ունի, ինչպես նաև հավատարիմ հաճախորդներ։
«Ամբողջ խնդիրն այն է, որ կա‘մ խաղում են Ալեքսանյանի կանոններով, կա‘մ խանութիդ դռները փակի ու տուն գնա։ Խեղդում են, էլ ջեբ էլ չեն թողել, որ ասեմ ջեբերս են մտնում։ Հիմա էլ 50/50 չկա, հիմա միանգամից խլում են։ Կուշտ անօթուն մեծ է բրդում, աշխարհի կարգն է»,-ասում է մեր աղբյուրը։
Oragir.News-ը շրջել է «Բասեն» և «Կարոնա» խանութների մասնաճյուղերում։ Մարդիկ փաստացի դժգոհ են, որովհետև այսպես շարունակվելու դեպքում ստիպված են լինելու վաճառել իրենց բիզնեսը, բայց շարունակում են լռել։