Տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերների պարագայում 2018-ին Հայաստանում իշխանության եկած ազգակործանների կողմից վարվող ապազգային ու անպատասխանատու քաղաքականությունը մեր պետությանն ու ժողովրդին հետեւողականորեն տանում է նորանոր փորձանքների։ Այդ փորձանքները, ձախողումներն ու կորուստներն այնքան շատ են ու այնքան հաճախ են տեղի ունենում, որ ժողովուրդը չի հասցնում ուշքի գալ։ Մեր իրականությունը նման է բռնցքամարտի, երբ ռինգի անկյունում հայտնված բռնցքամարտիկը չի հասցնում ուշքի գալ հակառակորդի չընդհատվող հարվածներից, ուղղակի հարվածող բռնցքամարտիկի շապիկի վրա գրված է ՔՊ, իսկ պաշտպանվողի շապիկի վրա՝ հայ ժողովուրդ։ Միայն վերջին ժամանակների մի քանի օրինակներ՝ տրանսպորտի թանկացում, հարկային բեռի ավելացում, համատարած հայտարարագրում, ցանկը կարելի է շարունակել։ Իշխանությունների կողմից անընդհատ բերվող նոր փորձանքների, ձախողումների ու կորուստների ծանր ազդեցության տակ խամրում ու մոռացության են տրվում հները։ Այդ մոռացությունը հասարակության մոտ ստեղծում է իրականության խեղաթյուրված ընկալում, ինչը էապես նվազեցնում է հանրային համախմբումը՝ նպաստելով այս ազգակործանների ձախողված իշխանության գոյատեւմանը։ Այս իշխանության իրական գնահատականը պարզելու համար անհրաժեշտ է այսօրվա իրողությունները համեմատել այն խոստումների հետ, որոնց հավատալով՝ ընտրողներն իշխանության բերեցին սրանց։ Ճիշտ կլինի համեմատությունը իրականացնել հանրային կարծիքի ուսումնասիրման արդյունքում պարզված ամենակարեւոր՝ անվտանգային հարցերում։ Քանի որ այսօր այլեւս որեւէ ողջամիտ մարդ չի կասկածում, որ մինչեւ Արցախյան երրորդ պատերազմում կրած դաժան պարտությունն ու Արցախի հայաթափումը Արցախը Հայաստանի անվտանգության կարեւորագույն բաղադրիչն էր, դիտարկենք այդ բաղադրիչի վերաբերյալ 2021թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրի դրույթները. Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եւ շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Խորացնելու ենք համագործակցությունն Արցախի հետ անվտանգային եւ ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում: Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախեւառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները: