Արմեն Աշոտյանի մեկնաբանությունը:
«Հայաստանի ազգային խորհրդանիշների վրա հարձակումը (օրհներգ, Արարատ, զինանշան) թուրքական օպերացիա է։ Նիկոլը օգտագործեց ասուլիսը՝ շարունակելու համար պայքարը Հայաստանի Հանրապետության պետական և ազգային խորհրդանիշների դեմ։
Այս թուրքական դիվերսիան նա և իր խմբակը իրականացնում են ամենաանհավանական ստերով և փուչ հիմնավորումներով։
Ցույց տամ իրենց տխմարությունները օրհներգի փոփոխության օրինակով:
Եվ այսպես,
Ֆրանսիայի օրհներգը՝ «Մարսելյեզը» իր բովանդակությամբ կռվի, արյան և բռնությունների մասին է և ավարտվում է հերոսական մահվան պատվաբերության մասին տողերով։
Մահվան մասին տողերով է ավարտվում նա Շվեդիայի օրհներգը. «Այստեղ, Հյուսիսում եմ ուզում ապրել և մեռնել»։
Իտալիայի օրհներգը էլ ավելի «ագրեսիվ» է։ Այսօրվա աչքով որ նայես տեքստին, առանց պատմություն իմանալու և հասկանալու, կապշես։ Իտալական օրհներգի տեքստը Ավստրիային համեմատում է արյունախում, բայց փետրաթափ եղած արծիվի հետ։ Պատկերացնո՞ւմ եք։ Բայց դա չի խանգարում երկուսին էլ լինել ԵՄ անդամ։ Լեհաստանի օրհներգում գովերգվում և մեծարվում է Նապոլեոն Բոնապարտը, ում բազմաթիվ եվրոպական երկրներում լավով չեն հիշում։ Այլ երկրների օրհներգներում ամենաքննադատված երկիրը Իսպանիան է, ում ուղղակի դատափետում են Պերուի, Ուրուգվայի, Էկվադորի և այլ լատինաամերիկյան երկրների օրհներգներում։ Բայց սա չի խանգարում նրանց սերտ կապեր ունենալ նախկին մետրոպոլիայի հետ։ Ուստի նիկոլական հիմնավորումները բացարձակ անհիմն են և ուղղակիորեն Թուրքիայի պահանջների քողարկում են»։