Երեկ Ղարիբ Բաբայանին կալանքից ազատելու ցույցի ակտիվ մասնակիցներից մեկը, անունը չհրապարակեմ, մի այսպիսի բան էր գրել․ «Նենց էլ բարի մարդու դեմք ուներ Ղարիբ Բաբայանը, դուրս էկավ ու զարմացած նայում էր հավաքված մարդկանց , հասկացավ, որ մենակ չի»։ Հիշեցնեմ, որ Ղարիբը 70 տարեկան է, և ավելի վաղ տարածվել էր տեսանյութ, որում ըստ տեսագրությունը տարածած Ղարիբ Բաբայանի մի խումբ ադրբեջանցիներ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգ էին երգում Ղարաբաղի մասին: Բաբայանը նշել էր, որ դա խայտառակություն է, հարց էր բարձրացրել, թե որտեղ է ոստիկանությունը և ինչու են Հայաստանում շարունակում հանդուրժել դավաճանական իշխանությանը: Արցախի մրմուռը, ցավը զգացող, իր երկիրը սիրող ցանկացած հայ նույն կերպ կմտածեր։ Եվ մարդիկ բողոքի ցասումով ցույց տվին, որ հենց այդպես էլ իրենք մտածում են։ Ես հիշեցի գիտնականին, որի հարցազրույցը մի քանի տարի առաջ լսել էի, երևի 2022 թվականն էր, երբ Արցախը դեռ կար։ Արցախի հեռուստաընկերությունն էր թողարկել։ Ղարիբ Բաբայանը Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավարն էր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ։ Գիտնականը հայերեն չէր խոսում, որն ինձ մոտ զարմանք առաջացրեց և գուցե այդ պատճառով տպավորվեց մեջս, իսկ իր վերլուծաբանը հարցերին պատասխանում էր հայերեն լեզվով։ Խոսակցությունից հասկացա, որ նա ու իր աշխատողները բազմաթիվ լեզուների են տիրապետում։ Ի՞նչ է իրենից ներկայացնում ռազմավարական կենտրոնը։ Այն, ինչպես վերլուծաբանն էր բացատրում, զբաղվում է տարածաշրջանի տեղեկատվության հավաքագրմամբ , մասնավորապես տարածաշրջանային պետությունների հետ կապված ՝ հիմնականում տեղեկատվություն է հավաքագրվում Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի և, իհարկե․ մեր վերաբերյալ։ Բացատրում էին, որ ապատեղեկատվությունները շատ են, կարևոր է մոնիթորինգային աշխատանքների շնորհիվ տարբերել ճիշտն ու սխալը, կարևորն ու անկարևորը, որովհետև տեղեկատվությունը զենք է։ Թշնամին այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ է տանում։ Իրենք գտնվում են աշխարհաքաղաքական կենտրոնների կիզակետում, լուրջ հետազոտություններ են կատարվում, լուրջ թեմաներիով են զբաղվում։ Ավելին չբացեմ, բայց նշեմ, որ Ղարիբ Բաբայանն այն մարդը չէր, որը զարմանար, որ ինքը մենակ չէր։ Նա բավականին լուրջ ճանապարհ անցած գործիչ է և գիտեր, թե ինչու է նման տեսանյութ տարածում և ինչու է տեղադրում իր կենտրոնի էջում։ Նա պարզապես իր գործն էր կատարում՝ ի լրումն հավաքագրված մյուս տեղեկատվության։ Ժամանակը կգա ու կհասկանանք, որ մեր պատմությունն ուրացող մարդկանց դեմ ամենակարևոր զենքը տեղեկատվություն հավաքագրելն է։ Ղարիբը տեսանյութը նկարել է իր գործի շրջանակում։ Դա նույնն է, եթե լրագրողին մեղադրեն տեսանյութ հրապարակելու մեջ։ Տեղեկատվական կենտրոնի տնօրենը շատ լավ տիրապետում է, թե ո՞րն է պետությանը օգուտ, որը վնաս։