ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրել է․
«Ցավալի և սարսափելի է տեսնել, թե ինչի է հանգեցնում ռուսաֆոբիան և քո պետության ազգային շահերի անտեսումը։
Ցայտուն օրինակ է, երբ հարուստ, բարի և հանգիստ Ուկրաինան ներքաշվեց իբր արևմտամետ օրակարգի մեջ եվրաինտեգրման հովանու ներքո և անձնվիրաբար հանձնվեց տրանսատլանտյան ուժերին։
Արդյունքում Ուկրաինան ստացավ մեջտեղից կիսված երկիր, մեկ միլիոն զոհ, ավելի քան տասը միլիոն փախստական, բայց դա նույնիսկ ամենասարսափելին չէ։ Ամենասարսափելին այն է, որ այդ նույն ամերիկացիներն ու եվրոպացիները, որոնք ուկրաինացիների կյանքով կերակրում էին այս անիմաստ պատերազմը, հիմա պարզապես նույն ուկրաինացիներին «քցել» են։
Եվ ոչ թե պարզապես «քցել» են, այլ այդ երկիրը դրել են աշխարհաքաղաքական նոր իրականության խորհրդանշող սեղանին և այժմ բռնաբարում են նրա անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ուկրաինացիներից խլելով երկրի գոյության հույսի վերջին մնացորդները։
Ռուսները հազար անգամ զգուշացրել, հորդորել և նույնիսկ պարբերաբար մարդկայնորեն խնդրել են ուկրաինացիներին` չմտնել ռուսատյացության կացնի տակ …բայց ապարդյուն, ուկրաինացիները չլսեցին… արդյունքում ռուսները ինչպես հարյուր, երկու հարյուր, երեք հարյուր տարի առաջ կրկին հաղթեցին։
Սարսափելի և ցավալի է գիտակցել, որ ռուսատյացության թափանիվը, որը Հայաստանում ակտիվորեն տարածվում է թուրք-ադրբեջանական տանդեմի զգայուն ղեկավարության ներքո, ի վերջո կարող է կհանգեցնել նրան, որ թուրքերը հասանելիություն ստանան մեր երեխաների ապագային և կյանքին։ Որովհետև նույն եվրոպացիների, ամերիկացիների, թուրքերի և ադրբեջանցիների համար խնդիր կա` մեր հաշվին դուրս մղել տարածաշրջանից ռուսներին և իրանցիներին, իսկ հետո հաճույքից հալվելով` մեզ անպաշտպան դնել նույն սատանայական զոհասեղանին, որի վրա հիմա ընկած է Ուկրաինան։
Ի դեպ, «իրական Հայաստանի» փաշինյանական դոկտրինը լիովին համապատասխանում է Հայաստանը ոչնչացնելու թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերին, և ռուսատյացությունն այդ ծրագրի բաղկացուցիչ մասն է։
Աստված մեզ տա ուղեղ` չկրկնել ուկրաինացիների սխալները»։