ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ «միանգամայն վստահում է» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու կարողությանը: Նա այդ մասին CNN-ին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՄՆ նախագահի այսօր նախատեսված զրույցից առաջ:

Ռյուտեն հավելել է, որ իր կարծիքով «հիանալի» է, որ Ուկրաինայի և ԱՄՆ ներկայացուցիչները համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայում հրադադարի առաջարկի շուրջ անցյալ շաբաթ։

Գլխավոր քարտուղարը նաև ասել է, որ չի կարծում, որ Թրամփը շատ է վստահում Պուտինին։

«Նա պաշտոնավարման դեռ առաջին ժամկետից շատ լավ է ճանաչում նախագահ Պուտինին: Ուստի նա գիտի, թե ինչպես պետք է երաշխավորի, որ գործարքը կնքվի»,- ասել է Ռյուտեն:

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով 16:00-18:00-ն (Երևանի ժամանակով 17:00-19:00-ն)։ Այս մասին, iz.ru-ի փոխանցմամբ, մարտի 18-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Դա կլինի Մոսկվայի ժամանակով 16:00-18:00-ը։ Ղեկավարները կխոսեն այնքան, որքան հարմար կգտնեն»,- ասել է նա ճեպազրույցում: Պեսկովի խոսքով՝ Կրեմլը նախատեսում է հնարավորինս արագ տեղեկացնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքների մասին։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև Թրամփի վերջին հայտարարությունները, թե առաջիկա զրույցի շատ հարցեր արդեն համաձայնեցված են։ Նա նշել է, որ կա «խոսակցության թեմաների որոշակի ըմբռնում»։ Բացի այդ, բազմաթիվ հարցեր կան երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման և Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հետ կապված։

Հիշեցնենք, որ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինայի վերաբերյալ «վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցված են, բայց դեռ շատ բան կա անելու»։ Թրամփը հրապարակումն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի համատեքստում, որը նախատեսված է մարտի 18-ին։ 

«Վաղն առավոտյան ես կխոսեմ նախագահ Պուտինի հետ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ: Վերջնական համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցվել են, բայց դեռ շատ բան է մնացել: Հազարավոր երիտասարդ զինվորներ և այլք սպանվում են։ Ամեն շաբաթ երկու կողմից էլ 2500 զինվոր է զոհվում, և սա պետք է ավարտվի հիմա: Ես անհամբեր սպասում եմ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցին», – գրել է նա։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հիշեցրել է, որ մարտի 13-ին Մոսկվայում էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը հանդիպել էՊուտինի հետ։

«Դա ժամանակի կորուստ չէր, նա վերադարձավ որոշ տեղեկություններով, բայց մենք ավելին կիմանանք վաղը, երբ նախագահը կխոսի Պուտինի հետ», – ասել է Ռուբիոն:

Մի քանի ժամ առաջ, ելույթ ունենալով Վաշինգտոնի Քենեդու կենտրոնում, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները հասել են «շատ կրիտիկական փուլ»: Նա վստահություն է հայտնել, որ ՌԴ իշխանությունները կհամաձայնեն ԱՄՆ-ի առաջարկած 30-օրյա զինադադարին։ Ուկրաինայի իշխանությունները մարտի 11-ին համաձայնել են ամերիկյան վարչակազմի առաջարկին։

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *