Բաքվի զինվորական դատարանում շարունակվել է հայ ռազմագերիների դատավարությունը: Նախօրեին ադրբեջանցի մեղադրողի հարցերին են պատասխանել Հայաստանի քաղաքացիներ Լևոն Բալայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլի Բեգլարյանն ու Էրիկ Ղազարյանը: Նրանք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին մեղադրվում են ահաբեկչության, ապօրինի խմբավորում ստեղծելու և անդամակցելու և ռազմական մի շարք ծանր հանցագործությունների համար:
Անկախ լրատվամիջոցների, փաստաբանների ու միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարության մասին մանրամասներ է հաղորդել Ադրբեջանի պետական «Ազերթաջ»-ը:
2023-ին ադրբեջանական ռազմական ագրեսիայից հետո գերեվարված Դավիթ Ալավերդյանը, պատասխանելով ադրբեջանցի մեղադրողի հարցերին, տեղեկացրել է, որ սովորել է Ստեփանակերտի համալսարանում, զինվորական ծառայությունն անցել է Ասկերանում: 2020-ից պաշտոններ է զբաղեցրել գյուղատնտեսության ոլորտում, եղել է Արցախի գյուղատնտեսության նախարարի խորհրդական: Ըստ «Ազերթաջ»-ի, Ալավերդյանն ասել է, թե Լեռնային Ղարաբաղում ցորեն էին աճեցնում, որը հետո ուղարկում էին Հայաստան:
Ի դեպ, Դավիթ Ալավերդյանը նախօրեին հարցաքննված Մելիքսեթ Փաշայանի համագյուղացին է՝ Ասկերանի Սզնեք գյուղից:
Նույն գյուղից է նաև Ադրբեջանի դատարանի առջև կանգնած Գուրգեն Ստեփանյանը: Նա չնայած ծնունդով Ջերմուկից է, սակայն բնակվել է Արցախում, աշխատել է որպես վարպետ՝ թե՛ Սզնեքում և թե՛ Ստեփանակերտում:
Հարցաքննված Հայաստանի մեկ այլ քաղաքացի՝ 46-ամյա Լևոն Բալայանը, պատմել է, որ ծնվել է Բաքվում, մասնակցել է 2020-ի 44-օրյա պատերազմին: Ի դեպ, հարցաքննության ժամանակ նա դժվարացել է պատասխանել ադրբեջանցի դատախազի հարցերին: Արցախի նախկին արտգործնախարար, գերեվարված Դավիթ Բաբայանն, ըստ «Ազերթաջ»-ի, փորձել է օգնել Լևոն Բալայանին, ինչի պատճառով զգուշացում է ստացել դատավորից: Ինչից հետո Բալայանն ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո ծառայել է Պաշտպանության բանակում և ստացել 400-500 ամերիկյան դոլար աշխատավարձ:
Նախօրեին հարցաքննված Հայաստանի մեկ այլ քաղաքացի՝ Վասիլի Բեգլարյանն էլ, պատասխանելով մեղադրողի հարցերին, պատմել է, որ զինվորական ծառայությունն անցել է Մարտակերտում, մինչև 2018 թվականը ապրել է Հադրութի շրջանում, ապա տեղափոխվել է Երևան և այնտեղ ապրել մինչև 2022-ը: Նույն տարվա սեպտեմբերին վերադարձել է Ստեփանակերտ և զինվորական ծառայության անցել Պաշտպանության բանակում՝ ստանալով 400 հազար դրամ աշխատավարձ:
Ադրբեջանական դատարանի առջև կանգնած Հայաստանի մեկ այլ քաղաքացի՝ Էրիկ Ղազարյանը, պատմել է, որ 2021-ին Ստեփանակերտ է եկել Կապանից՝ զինվորական ծառայության անցնելու նպատակով: Ամսական ստացել է 400 հազար դրամ աշխատավարձ: Ղազարյանը, ըստ «Ազերթաջ»-ի, բացատրել է, որ Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող էր Ղարաբաղում դիմել զինվորական ծառայության համար, դրա համար մի նախապայման կար՝ փոխել բնակության և գրանցման վայրը:
Այսօր Բաքվի զինվորական դատարանում շարունակվելու է 15 հայ ռազմագերիների գործով դատավարությունը: Այսօրվա նիստից դեռ մանրամասներ չկան: