Սոցիալիստական շարժման երիտասարդական թևի ղեկավար, «Հայոց բանակի կողքին» նախագահ Արթուր Գիշյանը ֆեսբուքյան իր էջում գրում է.
«Որպես Սոցիալիստական շարժման երիտասարդական թևի ղեկավար՝ ես խորապես մտահոգված եմ այն արժեքային ճգնաժամով, որն այսօր օրեցօր խորանում է մեր հայրենիքում։ Ընտանիքը եղել և մնում է մեր հասարակության բազիսը՝ մեր ժողովրդի հոգևոր, մշակութային ու բարոյական հենարանը։ Սակայն ցավով ենք տեսնում, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում բազմապատկվել են ընտանեկան բաժանություններն ու բարոյազուրկ վարքի դրսևորումները։
Այս ամենը պատահական չէ։ Երբ տնտեսական անարդարությունը խժռում է աշխատավոր խավի կյանքը, երբ զանգվածային մշակույթը քարոզում է անհոգության ու սպառողականության գաղափարներ, երբ սոցիալական պաշտպանվածությունը վերածվել է դատարկ խոստումների, ընտանիքն անխուսափելիորեն դառնում է առաջին զոհերից մեկը։ Եվ երբ ընտանիքը քանդվում է, երբ երեխան մեծանում է առանց հայր կամ մայր, դրանից միայն ուժեղանում են հանցագործությունն ու անբարոյականությունը։
Մեր՝ սոցիալիստներիս համար, առաջնային արժեքներն են արդարությունը, ընտանիքի ամրապնդումը, և նոր սերնդի դաստիարակումը առողջ, հայրենասեր ու բարոյական միջավայրում։ Մենք չենք կարող լռել, երբ անտարբերություն է տիրում այս հարցերում։ Մենք պահանջում ենք՝ ընտանիքների սոցիալական աջակցության խորքային բարեփոխում։
Երիտասարդների համար բնակարանի հասանելիություն՝ ամուր ընտանիք ստեղծելու խթանմամբ։
ԶԼՄ-ների և կրթական համակարգի միջոցով բարոյական արժեքների վերականգնում։
Մշակութային քաղաքականություն, որը ծառայում է ոչ թե քայքայմանը, այլ՝ կառուցմանը։
Սոցիալիստական շարժման երիտասարդությունը կանգնած է այն գաղափարի հետևում, որ ուժեղ պետություն նշանակում է՝ ուժեղ ընտանիք։ Մենք կոչ ենք անում մեր բոլոր քաղաքացիներին՝ դիմակայել այս քայքայիչ հոսանքներին և պայքարել հանուն մեր ազգային և բարոյական ինքնության պահպանման»։