Թբիլիսիում ընթանում է Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
«Հանդիպումը կքննարկի եռակողմ համագործակցության հնարավորությունները։ Կբացահայտվեն երեք երկրների համար պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, ինչպես նաև համագործակցության հնարավոր ոլորտները, որպեսզի տարածաշրջանի երկրները կարողանան համատեղ մոտեցումներ մշակել մի շարք հարցերի շուրջ։ Սա կլինի այսօրվա քննարկումների հիմնական առանցքը», -ըստ APA-ի՝ լրագրողներին հայտնել է Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ը հայտնել էր, որ Վրաստանի մայրաքաղաքում այսօր նախատեսված է եռակողմ հանդիպում՝ առանց այլ մանրամասներ նշելու:
Նախօրեին Բաքվում Վրաստանի նորընտիր նախագահը հայտարարել էր՝«Թբիլիսին հույս ունի, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի»: Ադրբեջան այցից հետո՝ այս ամսվա վերջին, Կավելաշվիլին երկօրյա այցով նաև Հայաստան կգա։
Անցած ամիս էլ Վրաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, խոսել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: