Խաղաղության պայմանագրով նախատեսվում է ստեղծել երկկողմ մեխանիզմ՝ հանձնաժողով, որը կհետևի պայմանագրի կատարմանը, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում գործող լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
«Աշխարհում չկա որևէ խաղաղության համաձայնագիր, որը պատասխաներ բոլոր հնարավոր հարցերին։ Եթե երկու հասարակություններ ունեն թշնամանքի, բախումների պատմություն, նրանք չեն կարող ամեն ինչ լուծել մեկ փաստաթղթով։ Խաղաղության պայմանագրով նախատեսվում է ստեղծել երկկողմ մեխանիզմ՝ հանձնաժողով, որը կհետևի պայմանագրի կատարմանը, ինչպես նաև կզբաղվի բոլոր այն հնարավոր դժվարություններով և անհարթություններով, որոնք կարող են և, ամենայն հավանականությամբ, կարձանագրվեն գործընթացի ընթացքում։ Այլ կերպ ասած, մենք ձևավորում ենք գործիքակազմ այդ մարտահրավերները կառավարելու նպատակով։ Հետևաբար, ակնկալիքը, թե խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ պետք է լուծված լինեն բոլոր հնարավոր հարցերը, մեր գնահատմամբ, ո՛չ արդարացի է, ո՛չ էլ իրատեսական», – նշել է նա։
«Բանակցությունները շարունակվում են: Ինչ վերաբերում է տեղին, գիտեք, դա էական չէ: Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները, ես չեմ բացառում որևէ բան: Ես դեռ չեմ ստացել այդ առաջարկը: Չեմ բացառում որևէ տարբերակ», – ասել է նաև արտգործնախարարը: