fe71df19 203b 4d19 dbef 08dd798c326b w1023 r1 s

Սահմանադրական դատարանի նախագահը հայտարարում է՝ Հայաստանի Մայր օրենքը տարածքային պահանջ չի պարունակում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև որևէ այլ երկրի նկատմամբ: Արման Դիլանյանը «Ազատության» հետ զրույցում տարածքային պահանջների վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնյաների մեղադրանքները որակեց սին՝ հատուկ ընդգծելով, թե այն մինչև հանրաքվեի դնելը փորձաքննությունների է ենթարկվել այդ թվում միջազգային կառույցներում:

«Մեր Սահմանադրությունը, որը տարբեր միջազգային փորձաքննությունների մեջով է անցել, մինչև հանրաքվեի կդրվեր և կընդունվեր հանրաքվեի միջոցով, կամ առհասարակ որպես փաստաթուղթ կձևավորվեր, ինքը տարբեր միջազգային իրավական փորձաքննությունների է ենթարկվել, այդ թվում նաև՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Եվ ես վստահ եմ, որ Վենետիկի հանձնաժողովը եթե նկատեր, այդ թվում նաև՝ Վենետիկի հանձնաժողովը, մյուս այլ փորձագետների մասին չխոսեմ, իսկ տարբեր փորձագետներ ևս աշխատել են մեր Սահմանադրության տեքստի վրա ժամանակին, ես չեմ կարծում՝ նրանք նկատեին էդպիսի պահանջ՝ որևէ երկրի տարածքային ամբողջական[ության դեմ], դա չբարձրաձայնեին», – ասաց Դիլանյանը:

Սահմանադրական դատարանի նախագահը շեշտեց՝ միջազգային իրավունքն է պարտադրում պետություններին հարգել միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը. – «Չի կարող պետությունը վերցնել և որոշել, որ ինքն ունենալու է այնպիսի իրավական փաստաթուղթ, որում ուղիղ ոտնձգություն է իրականացնելու, իսկ դա հավասար է ուղիղ ոտնձգության, նույնիսկ եթե էդպիսի պահանջ դու ձևակերպում ես, այլ պետության տարածքային ամբողջականության նկատմամբ, դա միջազգային իրավակարգին հակասող կարգավորում կլինի: Եվ ես համոզված եմ, որ մեր Սահմանադրությունն էլ չունի այդպիսին»:

Բաքուն խաղաղության պայմանագիրը ստորագրելուց առաջ պահանջում է, որ փոխվի Հայաստանի Սահմանադրությունը և նախաբանից հեռացվի հղումն Անկախության հռչակագրին, որտեղ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին հիշատակում կա:

Ամիսներ առաջ, երբ Սահմանադրական դատարանը որոշում էր սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը, վճռել էր՝ Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն Սահմանադրության նորմի ուժ, որոնք տեղափոխվել են հռչակագրից Սահմանադրություն: Այսօր Բարձր դատարանի նախագահն ընդգծեց՝ Սահմանադրության նախաբանը հռչակագրի մաս չէ. – «Նախաբանում կատարած հղումը ինքն ամբողջ ծավալով հռչակագրին կատարած հղում չէ, նախաբանից դեպի հռչակագիր գնացող հղումը ինքը էնպիսի հղում չէր, որ մենք ասեինք՝ հռչակագիրը ամբողջությամբ տեղափոխվեց և դարձավ Սահմանադրության մաս»:

Մինչդեռ Ադրբեջանի արտգործնախարարը նախօրեին դարձյալ պնդել էր, թե «Հայաստանի Սահմանադրությունը թիրախավորում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», և իրենք երկու տարի է՝ խաղաղության բանակցություններին զուգահեռ այդ մասին խոսել են, հայկական կողմին ներկայացրել փաստեր: Ջեյհուն Բայրամովն այս անգամ նաև ասել է, թե այդ պահանջը բացի իրավականից ունի նաև հոգեբանական հիմնավորում:

«Մենք կարծում ենք, որ հանրաքվեով Սահմանադրությունը փոխելը նշան է, ինչ-որ առումով՝ հաստատում, որ հարևանների հանդեպ տևական ժամանակ շարունակված ագրեսիվ քաղաքականությունից հետո հայաստանյան հասարակությունը իրականում հասկանում է, որ դա սխալ քաղաքականություն էր», – հայտարարել է Բայրամովը:

Հայաստանի արդարադատության նախարարությունում այժմ նոր Սահմանադրություն են գրում, թե ինչ հիմնական փոփոխություններ են նախատեսվում, դեռ հայտնի չէ, բայց վարչապետն արդեն ասել է՝ իր կարծիքով՝ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի հղումը չպետք է լինի:

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *