Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը մեկուկես տարի Բաքվի բանտում անցկացնելուց հետո այսօր առաջին անգամ ընտանիքի միջոցով հեռախոսով ձայնային հաղորդագրություն է փոխանցել՝ հերքելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե իբր ինքը դատավարության ժամանակ ասել է, որ հայերն են կազմակերպել Խոջալուի իրադարձությունները:
«Ես ասել եմ լրիվ հակառակը: Ես ասել եմ, որ դրա պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է, և դա եղել է ներիշխանական պայքարի արդյունք, վաղը ես դատական նիստի ժամանակ դրա մասին բարձրաձայնելու եմ», – նշել է Բաբայանը:
Արցախի հայաթափման օրերին Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ Ադրբեջանի պահանջով գնում է Բաքու, Բաբայանն ասել էր, որ իր չներկայանալը կամ փախուստը լուրջ վնաս կհասցնի բազմաչարչար ժողովրդին։ Նախկին արտգործնախարարն այսօրվա ուղերձում չի դժգոհել պահման պայմաններից, այս տեղեկությունը անկախ աղբյուրների միջոցով հնարավոր չէ ստուգել:
«Ընդհանուր առմամբ նորմալ ենք, շատ լավ են վերաբերվում, հատկապես մեկուսարանում որևէ խնդիր չունենք: Մի անգամ նույնիսկ վատ խոսք չեն ասել, մեր մասին մի մտածեք», – նշել է նա: