a9e41eb221868b075f18711099f818be

Ծայրահեղական ժամանակներ ենք ապրում, ցեղասպանություն ապրած ժողովուրդը սկսել է կասկածի տակ դնել պատմության իր այդ էջն ու մոռացության քաղաքականություն վարել։ Սա ոչ թե մեր հարևան պետություններից որևէ մեկի ժողովրդի կամ երկրագնդի ինչ-որ աշխարհամասում ապրող հասարակության մասին է, այլ մեր, 1915 թվական տեսած ազգի։

Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը, որն անվանում են իբր դիվանագիտություն՝ միտված խաղաղ գործընթացին և կարգավորման, կարծես թե, գնալով մեզ տանում է անհայտ ու, վստահաբար, ոչ բարի ու լավ ուղղությամբ։ Այրերը սկսել են նախընտրություն տալ փոքրիկ տարածքում, ճնշումների տակ «խաղաղ» կյանքին՝ զիջելով պատմական տարածքները, պատմական արդարությունը, պատմական ինքնությունն ու պատիվը։ Լավ, մի՞թե, իրոք հնարավոր է այս աստիճան հիմարացնել հասարակությանը՝ «ստիպելով» մոռանալ ապրած արյունալի տարիները, որի թարմացված տարբերակը տեսանք արցախյան վերջին իրադարձությունների ժամանակ։

Սա դեռ իրականում ամենը չէ, այսօր մեզ համոզում են, որ Հայոց Ցեղասպանության հարցը օրակարգում չպահելը ոչ թե դա մոռացության տալ է նշանակում, այլ հնարավորություն Բաքվի հետ խաղաղության ու Անկարայի հետ հարաբերությունների լավացման, սահմանի բացման։ Տեսաք, չէ՞, թե ինչ թոզ փչվեց աչքներիս։ Խաղաղություն, այն էլ երաշխավորված, մեզ կոտորած պետության եղբայր պետության հետ, որն օկուպացրեց Լեռնային Ղարաբաղը, սպանեց մեր զինվորիներին և խաղաղ բնակիչներին ու 9 ամիս պահեց արցախահայությանը բլոկադայի մեջ։ Իսկ մյուսը թոզը տեսա՞ք, հարաբերությունների լավացում ու սահմանի բացում հայերի վիզ կտրած, ցեղասպանած, մեկ հայ թողնել ուզող պետության հետ, որը մինչ օրս չի ընդունել Հայոց Ցեղասպանություն կատարելու իր մեղքը, ավելին՝ դա դարձրել է «մատի փաթաթան» Երևան-Բաքու բանակցությունների սեղանին։

Ապշելու բան է։ Միակ հույսը, թերևս, ապրիլի 24-ին անկախ ամեն ինչից Հայոց Ցեղասպանության հուշահամալիր գնացողների քանակն էր։ Հուսադրող էր։ Նկատեցի, որ նախորդ տարիների համեմատ հոսք շատացել էր ու չնայած որոշակի «ճնշումների» մարդիկ, մեկ է, գալիս էին ու իրենց հարգանքի տուրքը մատուցում։

Հայրենիքը սոսկ խոսքեր չեն, դրանք քայլեր են։ Հայրենիքը կյանք արժի, որի համար կենացմահու կռիվ են տալիս, ոչ թե հայրենիք վաճառում կյանք գնելու համար։

Նատալի Մկրտչյան լրագրող, narod.am կայքի խմբագիր

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *