2026-ը սարերի հետևում չէ, իսկ սա ի՞նչ է նշանակում։ Իհարկե, այն, որ Հայաստանում սպասվում են ընտրություններ։ Չնայած նրան, որ բազմիցս խոսվում է 2 տեսակետի մասին, որոնք են․ «այ մարդ, մի տարի չի ձգվի, արտահերթ կանեն» կամ «այ մարդ, ոչ մեկին արտահերթ պետք չի, ժամկետը լրանա կանեն», մեկ է, այդպես էլ չի լսվում հետևյալը․ «այ մարդ, ի՞նչ ենք անելու, որ չսխալվենք»։
Թերևս, սա ցավալի իրականություն է յուրաքանչյուր գիտակից քաղաքացու համար, քանի որ ընտրության գնալ դա գեղեցիկ հնչող «քաղաքացիական պարտքը» չէ միայն, դա լուրջ ու կարևոր քայլ է, որն իրենից ենթադրում է հսկայական պատասխանատվության զգացում, քանի որ վերջին 7 տարիները ու նախորդած գրեթե 30-ը իրենց լավ ու վատ կողմերով՝ մեր ու մեր ավագ սերնդի մեծամասնության ընտրության արդյունք են։
Դե գիտեք, նորմալ է, որ քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը հօդս ցնդող խոսքեր ասի ու թոզ փչի մեր աչքերին, բայց, քավլիցի, նորմալ չէ լինել «կույր» քաղաքացի ու դավանել ոչ թե արժեքների, որոնք լավացնելու են հասարակության կյանքի որակը, ապահովելու անվտանգությունը, սերուդների համար լավ կրթությունը ու ապագան, այլ դավանել մանիպուլյատիվ խոսքերի՝ ասելով․ «նախկինները թող չգան՝ ով ուզում է լինի» կամ «Նիկոլն Աստված է (այստեղ, իհարկե, կարող է լինել այլ քաղաքական այրի անուն)», կամ էլ «նախկիններն էին լավը»։
Հարգելի, սիրելիներ, ինչպես կասեր դասականը, ավելի լավ կամ վատ չկա, կա քաղաքացու գիտակից ու անգիտակից ընտրության արդյունք։ Եթե ես և դուք դավանում ենք արժեքներ, մտածում մեր և եկող սերդնի մասին, հավատացած եղեք, սխալվելու հավանականությունը զգալիորեն նվազում է, բայց եթե կրկին, ես և դուք, հետապդնում ենք քաղաքական նպատակներ ու շահ կամ պարզապես անգիտակից ենք, ապա կարող ենք «նստել թաղտին և սպասել մեր ջարդած տաշտակին», որի առաջ նստելու ենք ու լալու։
Որոշիչ ձայնը իմն է, քոնն է, նրանն է, բայց ոչ այրերինը, գիտեք ինչու՞, որովհետև այդ այրերը խոսում են մեր բերանով, որովհետև մեր ընտրությունը՝ մենք ենք, և եթե չենք ուզում զարմանալ «ինքներս մեզնից» ու վրդովվել, ուրեմն պետք է փոքրիկ պատմական հայացք նետենք անցյալ ու հասկանանք՝ լավ, բա այսքան տարի երբ էր լավ, ինչն էր լավ, ինչն էր մեզ պետք, ումից ինչ էինք ստանում ու այդպես շարունակ։
Մենք ընտրում ենք ոչ թե մարդու, այլ մեր ապագան։
Նատալի Մկրտչյան լրագրող, narod.am կայքի խմբագիր