mercury public affairs

Հայաստանի կառավարությունը պայմանագիր է կնքել ամերիկյան Mercury Public Affairs լոբբիստական և հանրային կապերի կազմակերպության հետ, որը նախկինում ներկայացրել է Թուրքիայի դեսպանատունը Վաշինգտոնում։

ԱՄՆ արդարադատության նախարարության Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի (FARA) հիման վրա ներկայացված հաշվետվության համաձայն՝ Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությունը սկսել է 2025 թվականի ապրիլի 1-ին։

Yerevan.Today-ի ուսումնասիրությունների համաձայն՝ Mercury-ն երկար տարիներ ծառայություններ է մատուցել Թուրքիայի կառավարությանը՝ ներառյալ հանրային կապերի, մեդիա խորհրդատվության և քաղաքական ազդեցության ոլորտներում։  2020 թվականի փետրվարին ընկերությունը Թուրքիայի Վաշինգտոնում գտնվող դեսպանատան հետ կնքել է մեկ միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր՝ որպես օտարերկրյա գործակալ գրանցվելով ԱՄՆ արդարադատության նախարարությունում։

Բացի այդ, Mercury-ն համագործակցել է թուրք-ամերիկյան բիզնես խորհուրդների հետ, ինչպիսիք են Turkish-U.S. Business Council (TAIK) և American-Turkish Council (ATC), որոնք հաճախ դիտարկվում են որպես Թուրքիայի կառավարության ազդեցության գործիքներ։

44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, Mercury Public Affairs ընկերությունը շարունակում էր իր համագործակցությունը Թուրքիայի կառավարության հետ՝ որպես նրա լոբբիստական ներկայացուցիչ ԱՄՆ-ում։  Ըստ 2020 թվականի փետրվարին կնքված պայմանագրի՝ Mercury-ն պարտավորվել էր օգնել Թուրքիային՝ կապ հաստատելու քաղաքական որոշում կայացնողների հետ և տրամադրել մեդիա խորհրդատվություն:


Համագործակցության դադարեցում՝ հայկական համայնքի ճնշման արդյունքում

2020 թվականի հոկտեմբերին՝ Արցախյան պատերազմի ժամանակ, Mercury-ն դադարեցրեց իր պայմանագիրը Թուրքիայի կառավարության հետ։  Այս որոշումը կայացվեց հայկական սփյուռքի, հատկապես ԱՄՆ-ի հայկական համայնքի, ինչպես նաև Կալիֆոռնիայի նահանգային և տեղական պաշտոնյաների ճնշման արդյունքում։  Նրանք քննադատում էին ընկերությանը՝ Թուրքիայի կողմից Ադրբեջանի աջակցությանը և Հայոց ցեղասպանության ժխտմանը նպաստելու համար։

Չնայած Mercury-ն դադարեցրեց իր պաշտոնական կապերը Թուրքիայի կառավարության հետ, այն շարունակեց համագործակցել Turkish-U.S. Business Council-ի հետ, որը 2014 թվականից գտնվում է Թուրքիայի կառավարության վերահսկողության ներքո։

Քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ

Փոլ Կրեկորյան — Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ, ով նախաձեռնեց նամակ՝ Mercury-ին՝ կոչ անելով դադարեցնել Թուրքիայի հետ համագործակցությունը։ Նամակին միացան խորհրդի բոլոր 15 անդամները։

Էնթոնի Պորտանտինո — Կալիֆոռնիայի նահանգային սենատոր, ով նույնպես նամակով դիմեց Mercury-ին՝ պահանջելով դադարեցնել Թուրքիայի հետ կապերը։

Էնթոնի Ռենդոն — Կալիֆոռնիայի նահանգային ժողովի խոսնակ, ով 16 այլ օրենսդիրների հետ միասին ստորագրեց նամակ՝ Mercury-ին՝ սպառնալով դադարեցնել համագործակցությունը, եթե ընկերությունը չդադարեցնի Թուրքիայի ներկայացուցչությունը։

Քեթրին Բարջեր և Հիլդա Սոլիս — Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչներ, ովքեր նույնպես նամակով դիմեցին Mercury-ին՝ պահանջելով դադարեցնել Թուրքիայի հետ կապերը։

Հասարակական կազմակերպություններ

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբ (ANCA) — Կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Համբարյանը (Aram Hamparian) ակտիվորեն մասնակցեց Mercury-ի դեմ քարոզարշավին՝ կազմակերպելով բողոքի ակցիաներ և կոչ անելով ընկերության հաճախորդներին դադարեցնել համագործակցությունը, եթե Mercury-ն շարունակի ներկայացնել Թուրքիային։

Ամերիկայի Հայկական համաժողով (Armenian Assembly of America) — Միացավ ANCA-ի նախաձեռնություններին՝ մասնակցելով բողոքի ակցիաներին և աջակցելով Mercury-ի դեմ ուղղված ճնշումներին։

Բացի պաշտոնական նամակներից և բողոքի ակցիաներից, Լոս Անջելեսի Համայնքային Քոլեջների Շրջանային Խորհուրդը (Los Angeles Community College District) հայտարարեց, որ կսկսի իր պայմանագրի 30-օրյա լուծարման գործընթացը, եթե Mercury-ն չդադարեցնի Թուրքիայի ներկայացուցչությունը։

Ճնշումների արդյունքում, 2020 թվականի հոկտեմբերի 23-ին, Mercury Public Affairs-ը հայտարարեց, որ դադարեցնում է Թուրքիայի կառավարության հետ իր պայմանագիրը։ Այս որոշումը դիտարկվեց որպես կարևոր հաղթանակ ամերիկահայ համայնքի և մարդու իրավունքների պաշտպանների համար։


«Զարմանալի է», որ նման հսկայական և ազդեցիկ Սփյուռք ունեցող երկրի իշխանությունները դիմում են Թուրքիայի հետ սերտորեն համագործակցած լոբբիստական կզակերպություններին՝ խորհրդատվական ծառայություններ մատուցելու համար:

Yerevan.Today-ը նաև կապ հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ՝ փորձելով տեղեկություններ ստանալ կազմակերպության հետ կնքված պայմանագրի և վերջինիցս ակնկալվող ծառայութնունների մասին, սակայն Բաղդասարյանը խնդրեց գրավոր դիմել՝ չպատասխանելով անգամ հարցին, թե որքանո՞վ է տեղեկությունը համապատասխանում իրականությանը:

Գրավոր հարցման պատասխանն ստանալու դեպքում հավելյալ կտեղեկացնենք:

2021 թվականի նոյեմբերի 10-ին Mercury Public Affairs-ի՝ Թուրքիայի հետ ծավալած գործունեության և դրա մասնակի դադարեցման մասին հանգամանալից հոդված էր ներկայացրել «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը:

Հիմնական աղբյուրներ՝ Politico.comAncawr.orgZartonk MediaUsatoday.com

От narod.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *