Իսրայելը դժգոհ է Սիրիայում իրավիճակի կարգավորումից և փորձում է այնտեղ ներքին հակամարտություն հրահրել։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ շարունակելով.
«Խաղաղության և հանգստության մթնոլորտը վերջին բանն են, որ Իսրայելը ցանկանում է: Նա մտահոգված է Սիրիայում երկար տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմի ավարտով, այն փաստով, որ սիրիացի ժողովուրդն ինքն է որոշում իր ապագան և այն, որ երկրում ձևավորվում են միասնություն և ամբողջականություն:
Այդ պատճառով էլ հենց նա փորձում է նոր կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել՝ հրահրելով Սիրիայում որոշ խմբերի։ Իսրայելը, որը չի վարանում խաթարել իրավիճակը տարածաշրջանում, նաև մտահոգված է տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության և նրա ձեռք բերած հաջողություններով»,- ասել է Էրդողանը:
Ըստ Թուրքիայի նախագահի՝ բոլորը պետք է ձգտեն «նոր Սիրիա կառուցել»՝ հիմնված միասնության ու տարածքային ամբողջականության վրա»։
«Իսրայելական սադրանքները խոստանում են միայն արյուն, արցունքներ և մահ: Այսօրվա Սիրիան բարեկեցիկ ապագայի բանաձև է: Ինչպես մենք միշտ հայտարարել ենք, մենք թույլ չենք տա, որ մեր հարևան Սիրիան ներքաշվի նոր հակամարտության մեջ», – ասել է Էրդողանը:
Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարել է, որ Անկարան չի բացելու իր օդային տարածքը Նեթանյահուի ինքնաթիռի համար։ Երկինքը փակելու որոշումը կայացվել է Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի քաղաքականության հետ կապված։
Այս իրադարձությունից հետո է Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակը հայտարարել է, որ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հետաձգել է իր այցը Ադրբեջան։