Նոր նորքի թաղապետարանում ծեծվելուց հետո խուլիգանության համար մեղադրյալի աթոռին հայտնված ակտիվիստ Արթուր Չախոյանը դեպքից ավելի քան մեկ շաբաթ անց չի հարցաքննվել, որևէ քննչական գործողության դեռ չի մասնակցել:
«Առողջական խնդիրներ եմ ունեցել, դրա կապակցությամբ ոչ մի գործողության չեմ մասնակցել», – նշեց նա:
Այսօր քաղաքապետարանի շենքի առջև հրավիրած ասուլիսում ակտիվիստն ասաց, որ հիվանդանոցից օրերս է դուրս գրվել, առաջիկայում կմասնակցի հարցաքննության: Թեև հետևողական է լինելու, որ Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն իր թիմով պատասխանատվության ենթարկվի իրեն թաղապետարանում ծեծելու համար, բայց արդարադատության հույս չունի: Հակառակ դեպքում, ասում է, թաղապետն ու մյուսներն արդեն կալանքի տակ պետք է լինեին, ավելին՝ Տեր – Մարգարյանն էլ՝ ազատված աշխատանքից:
«Թաղապետը մենակ լիներ, էն, որ 10 հոգով հարձակվում են իմ վրա, ես լինեի, հիմա ինձ ձերբակալել էին, կալանավորել էին, եթե ձեր կուսակիցը չի ու դուք արդար եք, ինչի՞ մինչև օրս կալանավորված մարդ չկա: Բայց եթե ընդդիմադիր դաշտից մեկը լինեին, արդեն կալանքի տակ կլիներ», – ընդգծեց Չախոյանը:
Երևանի ավագանիում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» դաշնակից «Հանրապետություն» կուսակցությունն իր թիմակից թաղապետի արարքը թեև դատապարտեց, բայց նաև Չախոյանին մեղադրեցին, թե նրա սադրանքին է տրվել Տեր – Մարգարյանը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս բռնությունը դատապարտեց, բայց իր ենթակային աշխատանքից չազատեց, «ես դատավոր չեմ», ասաց ու փակեց թեման վերջին գործակարգավարական նիստում: