Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պնդումը, թե այսօր՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Բաքուն հերքելով ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե ադրբեջանական կողմը կրակել է Խնածախի ուղղությամբ, պնդել է՝ «Հայաստանի ՊՆ-ը փորձում է միջազգային հանրության մոտ կեղծ կարծիք ձևավորել և հող նախապատրաստել հերթական սադրանքի համար»:
Ընդ որում՝ հերքելով, թե կրակել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ, Բաքվի ռազմական գերատեսչությունը միաժամանակ հայտարարում է, թե «ադրբեջանական բանակի ստորաբաժանումները միայն համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկել այդ ուղղությամբ»:
Երևանն այսօր մասնավորապես հայտնել է, որ ադրբեջանական կողմը մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, կրակել է Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը:
Հայկական դիրքերի ուղղությամբ կրակելու Ադրբեջանի հայտարարությանը Երևանը չի անդրադարձել: