Դավաճանության ու լրտեսության հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում Ազգային արխիվի մի քանի աշխատակիցներ հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում, նրանցից առնվազն մեկը մեղադրյալ է: Մանրամասներ դեռ իրավապահները չեն հաղորդում, բայց հայտնի է, որ մեղադրանքի հիմքում ադրբեջանցիներին արխիվից որոշ տեղեկատվություն փոխանցելն է եղել:
Ի՞նչ տեղեկություն է փոխանցվել, ո՞վ ո՞ւմ է փոխանցել, փոխանցված նյութերն ինչպե՞ս կարող էին վնասել Հայաստանի Հանրապետությանը, գործը քննող Քննչական կոմիտեն չի բացահայտում: «Ազատության» հետ զրույցում մեղադրյալներից մեկի փաստաբան Տիգրան Գրիգորյանն ասաց՝ պաշտպանյալը մեղքը չի ընդունում, բայց, ելնելով գործի հանգամանքներից, ոչ նրա անունը հայտնեց, ոչ էլ մանրամասներ:
«Կարող է խոսք լինել Հայաստանում բնակեցված ադրբեջանցիների մասին, որոնք բնակվել են 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին», – նշեց փաստաբանը:
Չնայած իրավապահների ու փաստաբանների գաղտնապահությանը՝ «Ազատությանը» հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել Արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանից: Նա հաստատեց, որ իր արդեն նախկին տեղակալն ու ևս 4 հոգի են հայտնվել քրեական գործի կիզակետում: Ներկայիս ղեկավարությունն էլ, չսպասելով քննության ավարտին, նրանց արդեն ազատել է աշխատանքից: Դեպքն, ըստ Արխիվից 2020 թվականին հեռացած Վիրաբյանի, իր պաշտոնավարման օրոք չի եղել:
Վիրաբյանը պնդում է՝ նրանցից և ոչ մեկը հանցագործություն չի արել, գաղտնի տեղեկատվություն չի տրամադրել հարևան երկրի ներկայացուցիչներին, քանի որ Արխիվում գաղտնի տեղեկություններ չեն պահվում:
Արխիվը 17 տարի ղեկավարած Վիրաբյանի խոսքով, Ազգային արխիվում 19-րդ դարում Հայաստանում բնակված ադրբեջանցիների վերաբերյալ տեղեկություններ են միայն:
«Դրանք բոլորը հրապարակված են՝ գրքերով, օրինակ, «Կովկասյան օրացույց» կա, որտեղ գրված է գյուղը, ովքեր են ապրում, մուսուլմաններ, հայեր, ռուսներ, մալականներ և այլն, բնակչության քանակ: Ինտերնետում տեղադրված է», – ասաց նա:
Ըստ Վիրաբյանի, Արխիվը պարտավոր է տեղեկություններ տրամադրել ցանկացած դիմողի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացու: Այս պահանջը Եվրոպայի խորհրդինն է. – «Գոյություն ունի Եվրոխորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարությունը արխիվի մատչելիության մասին, որով անդամ երկրների արխիվները մատչելի են բոլոր երկրների քաղաքացիների համար»:
Վիրաբյանն ասաց, որ իր ղեկավարման տարիներին ուղիղ ադրբեջանցիներից դիմումներ չի ստացել, փոխարենը Կարմիր խաչի միջոցով 30 տարի առաջ Հայաստանում բնակված ադրբեջանցիներն են դիմել անձնական փաստաթղթերի համար, օրինակ, թոշակի հետ կապված աշխատանքային գործունեության. – «էդ հետևողները, ձայնագրություն լսողները տեղյակ չեն եղել էդ մասին»:
Արխիվի բազմամյա նախկին տնօրենը հարցնում է՝ իրավապահները չգիտեի՞ն, որ արխիվում գաղտնի որակված փաստաթղթեր չկան: Հույս ունի, որ այս գործը շուտ կհանգուցալուծվի, իսկ նախկին գործընկերներն էլ քրեական պատասխանատվության չեն ենթարկվի: