«Եթե լավատեսությունը երկուստեք արտահայտվի, ապա խաղաղության պայմանագիրը կստորագրվի մոտ օրերս, բայց պետք է էդ լավատեսությունը երկուստեք արտահայտվի». – Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող Սարգիս Խանդանյանի խոսքով՝ հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում արտգործնախարարի լավատեսությունը հիմնված է Հայաստանի տրամադրվածության վրա:
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը չի հերքում՝ Արարատ Միրզոյանի օպտիմիզմի հիմքում Ադրբեջանի դիրքորոշման փոփոխությունը չէ:
Ենթադրեց, որ լավատեսության համար նաև շփումներն են դեր խաղացել. – «Ենթադրում եմ՝ արտգործնախարարի շփումների և կատարվող աշխատանքի վրա է հիմնված, և նաև մեր՝ Հայաստանի տրամադրվածության վրա է հիմնված»:
«Ազատության» դիտարկմանը՝ «այդ լավատեսությունը որևէ կապ չունի Ադրբեջանի դիրքորոշման փոփոխության կամ նրա որդեգրած դիրքորոշման հետ», Խանդանյանն արձագանքեց. – «Դե, դուք հայտարարությունները տեսել եք, և այդ առումով կարծես թե դեռ փոփոխություն չկա դիրքորոշումների»:
«Առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա, և ինչպես ցանկացած բանակցության դեպքում, համբերությամբ զինվենք, և գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն՝ խաղաղության պայմանագրի ստորագրման [առումով]». – անցած շաբաթ հայկական կողմի՝ արտգործնախարար Միրզոյանի լավատեսական այս հայտարարությունից անմիջապես հետո Բաքուն շատ հստակ հասկացրեց՝ իր առաջադրած պահանջներից չի հրաժարվելու. Երևանից սպասում են իրենց պայմանների կատարում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբի լուծարում, Սահմանադրության փոփոխություն: