Մեր նորագույն պատմության մեջ այնքան դասեր կան, որ մեր սխալներից չենք քաղել։ Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից ի՞նչ դասեր քաղենք։ Սովորելու ունա՞կ ազգ ենք։
Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Դա բացարձակ կապ չունի կրթության հակաքարոզչության հետ, որն իրականացնում է վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու կինը:
Իհարկե, եղբայրական Սիրիայի ժողովրդին պետք է խաղաղություն և հանգստություն մաղթել, բայց հայ ժողովրդին պետք է խնդրել սեփական սխալներից սովորել մինչև ուրիշի զարգացումների մասին ակադեմիկան տեսքով լուրջ հետևություններ ու գնահատականներ տալը»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է Թուրքիայի և Հայաստանի պաշտոնյաների հանդիպմանը, Աշոտյանը հայտարարեց, որ ակնհայտ է, որ մինչ այդ եղել է ոչ ֆորմալ հանդիպում:
«Թաքուն գործընթաց է ընթանում, դրանից պետք է վախենալ: Ես ավելի մտահոգված եմ Հայաստանի իշխանությունների կողմից իրականցվող թաքուն գործընթացի հետ կապված, որովհետև աշխարհով մեկ հիմա «աշխարհաքաղաքական առևտուր» է ու, ցավոք սրտի, Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ՝ որպես ապրանք է դրված համաշխարհային «աշխարհաքաղաքական առևտրում»»,- ասել է Աշոտյանը:
Վերջում Աշոտյանն ավելացրեց, որ ՀՀ ԱԳՆ-ն առաջին անգամ դեկտեմբերի 9-ին՝ Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ, որևէ հայտարարություն չի արել, անգամ չի այցելել Ծիծեռնակաբերդ: